Սխալ է կարծել, որ ՌԴ կառավարության քարոզչության մարտավարությունը ուղղված է բացառապես ԱՄՆ պահպանողական հանրապետականների կարիերայի աճին՝ The Daily Beast-ում գրում է Քեյսի Միշելը: Աջակցությունը Դոնալդ Թրամփի թեկնածությանը WikiLeaks-ի պես կազմակերպությունների գողացված գրագրության մշտական «արտահոսքի» միջոցով ուղղություններից միայն մեկն էր, որով ԱՄՆ լիբերալ ժողովրդավարության վրա գրոհում էր Կրեմլը: Հիլարի Քլինթոնի վարկաբեկման արշավի մասն էր նրա մրցակիցներին աջակցությունը ուլտրաաջ ճակատում և առաջադրումը անթիվ խելագար դավադրությունների տեսությունների, որ միատեսակ հենվում են «հակաիմպերիալիզմի» ու «նեոնացիզմի» վրա:
Վերջին 18 ամիսներին նկատելիորեն ակտիվացել է տեղեկատվական պատերազմը, որ կոչված է խաբել «Բեռնիի կողմնակիցների եղբայրությանը» և այլընտրանքային լրատվամիջոցներին, որ համարում էին Հիլարի Քլինթոնին ավելի լուրջ քաղաքական սպառնալիք, քան Թրամփին: Ամենավառ օրինակը Ջիլ Սթեյնն է, որ Կանաչների նախագահի թեկնածուն էր, և նրա ընտրախավը: 2015-ի դեկտեմբերին Կրեմլը Սթեյնին պատիվ արեց՝ հրավիրելով RT-ի 10-ամյակին՝ Կրեմլի ֆինանսավորմամբ գործող քարոզչամիջոցի: Մեկ տարի անց էլ պարզ չէ՝ ով է վճարել Սթեյնի Մոսկվա այցը: Նրա նախընտական շտաբը անտեսեց բազում հարցումները, բայց հատնի է, որ Սթեյնը նստել է նույն սեղանի շուրջը Վլադիմիր Պուտինի և գեներալ-լեյտենանտ Մայք Ֆլինի հետ, որ շուտով դառնալու է Թրամփի օգնականը ազգային անվտանգության գծով: Սթեյնը նաև ելույթ է ունեցել քննարկման ժամանակ, որը հովանավորում էր RT-ն և օգտագործել է առիթը՝ քննադատելու ԱՄՆ-ի «աղետալից միլիտարիզմը»: Ավելի ուշ, Մոսկվայի Կարմիր հրապարակում Սթեյնը քննարկումը անվանել է «ոգևորիչ» և հաստատել է, որ Պուտինը, ում նա համարում է սկսնակ քաղաքականության մեջ, «համաձայնում է» իր հետ «շատ հարցերում»:
Սթեյնը իրեն ներկայացնում է իբրև ցածր խավերի և շրջակա միջավայրի պաշտպան և «գաղտնալսող պետության» ու մեդիակորպորացիների հակառակորդ, բայց նա ուրախանում էր, որ «նրանք, ովքեր ճիշտ են, միանման են մտածում» և նրա տեսակետը համընկնում է կլեպտոկրատի, հետախուզության սպայի տեսակետի հետ, որ կտրում է անտառները, ձերբակալում կամ սպանում է քննադատաբար տրամադրված լրագրողներին ու ներխուժում է այլ երկրներ: Հասկանալի է, որ նրանց իսկական ընդհանրությունն այն է, որ Պուտինն ու Սթեյնը ԱՄՆ արտաքին քաղաքականության համառ հակառակորդներ են: Իբրև պարգև՝ RT-ն կազմակերպեց Կանաչների դեբատները 2016-ի ընտրարշավում և լուսաբանեց Սթեյնի արձագանքը Քլինթոնի ու Թրամփի դեբատներին:
Հետևեք նաև ԱՄՆ-ի ձախերի դրոշակակիր ամսագրին՝ The Nation-ին: Ռուսական թեմատիկայի լուսաբանումը The Nation-ում համազգային խայտառակություն է: RT-ի կայքը նեոնացիստներին պահում է իբրև մեկնաբաններ-«փորձագետներ»: Բայց դա հետ չի պահում The Nation-ին հրապարակումներից՝ ի պաշտպանություն քարոզչական ալիքի, գրված «Փոխարենը ձեզ մոտ լինչում են աֆրոամերիկացիներին» սկզբունքով: Հոդվածներ, որտեղ նույն փաստարկներն են՝ նույն վերնագրերով, ինչ սպիտակ ազգայնականների պարբերականներում: Վերջերս Ռուսաստանի հարցերով The Nation-ի փորձագետները ամրացնում են հավատը Արևելյան ՈՒկրաինայում ինքնավարության հանրաքվեի վերաբերյալ: Որ այս տեսակետները տարօրինակորեն ներդաշնակում են Թրամփի ու նրա խորհրդականների հայացքներին, որ բարեկամություն են անում Breitbart կայքի հետ, գաղափարախոսական փսիխոզի դարաշրջանի ևս մեկ անոմալիա է: (Breibart կայքը համարվում է ԱՄՆ-ի ուլտրաաջերի օրգանը): Sputnik-ի ԱՄՆ-ի մասնաճյուղը Սանդերսի կողմնակիցներին կոչ էր անում քվեարկել Թրամփի օգտին (ինչպես բազմիցս կոչ է արել ինքը՝ Թրամփը):
Կարմրադարչնագույն կոնվերգենցիայի էպիկենտրոնը ինտերնետում XXI դարում ակնհայտորեն WikiLeaks-ն է: Այլապես ինչպե՞ս բացատրել փաստը, որ ավստրալացի կիբերանարխիստը ընդհանուր գործ է գտել ռասիստ միլիոնատիրոջ, անշարժ գույքի մագնատի հետ (եթե չհաշվենք նրանց ընդհանուր հարգանքը հակառակ սեռի նկատմամբ): WikiLeaks-ը տեղին համարեց գործընկերությունը հակասեմիտների հետ, որ փոխանցեցին ԱՄՆ պետդեպարտամենտի անօրինական ձեռքբերված գրագրությունը Բելառուսի ռուսամետ բռնակալին, իսկ նա գաղտնի փաստաթղթերը օգտագործեց այլախոհների հետ պատերազմում: WikiLeaks-ի գրառումները Թվիթերում հաստատում են, որ հանուն հակաամերիկայնության, այս կազմակերպությունն աջակցում է Պուտինի վարկածներին ու Կրեմլի շահերին: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը անձամբ պաշտպանում է Թրամփին, իսկ նա հրապարակավ նախընտրում է կիբեռհարձակումների մասին Ասանժի եզրակացությունները ԱՄՆ հետախուզության եզրակացություններից:
ԱՄՆ-ի շատ աջեր ապահովել են «տանիքը» ԱՄՆ ընտրություններում օտարերկրյա պետությունների միջամտության համար: Բայց ԱՄՆ-ի ձախերն էլ պետք է քննադատաբար գնահատեն իրավիճակը: Պուտինը սիրաշահում է պարզամիտներին, ուղեկիցներին ու կարճամիտ հիմարներին ԱՄՆ-ի բազմաթիվ առաջադիմականների մեջ, որ կամ պատահաբար, կամ դիտմամբ օգնել են իշխանության գալու ամենաէքստրեմիստ ու հետադիմական նախագահին, որ երբևէ ընտրվել է ԱՄՆ-ում
Քեյսի ՄԻՇԵԼ, The Daily Beast
Հ.Գ. Պուտինն օգտագործում է ձեռքի տակ եղած ամեն ինչ ու ամենքին՝ իր նպատակներին հասնելու համար, ու օգտագործվողները դա լավ գիտեն, պարզապես համարում են շահերի համընկնում ու վստահ են, որ իրենք են Պուտինին օգտագործում: Այդպես է Սիրիայում (Բաշար Ասադը), Ֆրանսիայում (Մարին լը Պենը), Գերմանիայում («Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը), ԱՄՆ-ում (Դոնալդ Թրամփը), քաղաքականության մեջ միշտ չէ, որ աջակիցներն ու համախոհները համերկրացիներն են, բայց կա մի սահման, որտեղ կուսակցական ու անձնական շահը ոտնահարում է պետության շահը ու այդտեղից սկսվում է դավաճանությունը: Քաղաքական գործիչները գերադասում են այդ սահմանը անտեսել՝ համարելով, որ իրենք անկախ են, բայց աշխարհում բացարձակ անկախություն երբևէ գոյություն չի ունեցել: Անկախությունն էլ կոմպրոմիս է՝ չբացահայտված կամ վատ թաքցրած:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ